Նախագծի մասին
19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին Կոմիտասը գյուղերից ընտրությամբ գրառեց հազարավոր երգեր (նաև հոգևոր երգեր), կատարեց խոշորագույն գիտական հետազոտություններ: Իր համերգդասախոսություններով աշխարհին ծանոթացրեց հայ ժողովրդական և եկեղեցական երգերաժշտությանը: 1915 թվականին` Հայոց մեծ եղեռնի տարիներին Կոմիտասի ձեռագրերի մի մասը ոչնչացավ, մի մասը սփռվեց աշխարհի տարբեր երկրներում: Հայկական վանքերի հետ հրի ու սրի մատնվեցին հազարավոր գրչագիր մատյաններ: Այսօր Հայաստանի ձեռագրապահոցում` Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, պահվում են հազարավոր գրչագիր մատյաններ և պատառիկներ, որոնք հարուստ նյութ են պարունակում: Երաժշտական ծիսական հարյուրավոր մատյաններ խազավորված են: 290-ից ավելի պատարագամատույցները, մոտ 300 ժամագրքերը, 350 շարակնոցները, տասնյակ տաղարաններն ու գանձարանները, մանրուսման գրքերը և այլ ծիսական մատյաններ պահպանում են հայոց եկեղեցական դարավոր երաժշտությունը: Նույնպիսի ձեռագրեր պահվում են նաև Երուսաղեմում, Վենետիկում, Վիեննայում և այլ ձեռագրապահոցներում ու տարբեր մարդկանց մոտ: